Թուրքիան բավական վախեցած է իր դեմ ներկայացված հայցից: Այս մասին օգոստոսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թուրքագետ Արտակ Շաքարյանը` անդրադառնալով Լոս Անջելեսում բնակվող ամերիկահպատակ Կարպիս Դավոյանի ու Հրայր Թուրաբյանի` թուրքական կառավարության դեմ ներկայացված հայցին:  Շաքարյանի խոսքով` թուրք վերլուծաբաններն այժմ  փորձում են հուսադրել թուրք հասարակությանը, որ հայցը ընդամենը քաղաքական ուղղվածություն ունի,  զուրկ է իրավական  հիմքից եւ  ԱՄՆ-ը չի կարող Թուրքիային դատի տալ:

«Թուրքերը պատրաստված չէին սրան,  թուրքերը նոր են սկսում ուսումնասիրել այս հայցը:  Նրանց արձագանքներից պարզ է դառնում, որ նրանք չէին պատկերացնում, որ հայերը կարող են հատուցումն այդ մեթոդով պահանջել ու հատկապես  Թուրքիայի պետությանն ուղղված հայցով»,-նշեց թուրքագետը:  Նա նաեւ հավելեց, թե հայերս սովորաբար կարծում ենք, որ թուրքերը շատ խելոք են, որ թուրքական դիվանագիոտթյունն ամեն ինչ հաշվարկում է նախապես, մինչդեռ  նշված հայցը վկայում է, որ իրականությունը բոլորովին այլ է: «Թուրքիան մինչեւ ուսումնասիրի այդ հայցը` նվազագույնը վեց ամսից մինչեւ մեկ տարի կանցնի»,-նկատեց Շաքարյանը:   

Հիշեցնենք, որ վերջերս  Լոս Անջելեսում բնակվող ամերիկահպատակ Կարպիս Դավոյանն ու Հրայր Թուրաբյանը հայց են ներկայացրել թուրքական կառավարության դեմ`  պահանջելով միլիարդների հասնող փոխհատուցում Թուրքիայից 1915-ին հայերից առգրավված շարժական եւ անշարժ գույքի, ինչպես նաեւ բանկային ավանդների դիմաց: