Հայաստանի Հանրապետության եւ Չեխիայի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարներն այսօր այցելեցին  Հայոց Ցեղասպանության հուշահամալիր:

Նախարարներ Արտեմ Ասատրյանը եւ Միխաելա Մարքսովան ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Այնուհետեւ նախարարներն շրջեցին Հայոց Ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացան նոր մշտական ցուցադրությանը՝ հազարավոր նորահայտ նյութերին, բնօրինակ եւ եզակի լուսանկարներին, գրքերին եւ փաստաթղթերին:

«Տեղեկատվությունը, լուսանկարները, տեսանյութերը, որոնք ներկայացված են թանգարանում, ավելի առարկայական են դարձնում 100 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը: Կարծում եմ, Չեխիայի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի այցը Հայաստան, մասնավորապես` Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ թանգարան, կնպաստի հետագայում Չեխիայի Հանրապետության կողմից Ցեղասպանության ճանաչմանը»,-թանգարանային այցից հետո նշեց նախարար Արտեմ Ասատրյանը:

Շրջայցի ավարտին Չեխիայի  Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի մատյանում: