Թուրքիայի դեմ կիպրոսցի հույների ներկայացրած դատական հայցը հիմնավոր է, քանի որ այն միջազգային օրենսդրությամբ սահմանված` «օգտագործման իրավունքի կորուստ» իրավաբանական տերմինի ներքո է։ Այս մասին օգոստոսի 3-ին տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց թորքագետ Արտակ Շաքարյանը: Նրա խոսքով` «օգտագործման իրավունքի կորուստ» տերմինը նշանակում է, որ մեկ այլ երկրի տարածքում ապօրինի բռնազավթած պետությունը պետք է վճարի այդ տարածքի տնօրինման եւ օգտագործման համար։ «Հույների ներկայացրած հայցը հենց այս` եվրոպական իրավունքի ներքո է»,-նշեց Շաքարյանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք դատարանը կբավարարի հայցը` նշեց, որ ԱՄՆ-ում հունական լոբբին բավականին ուժեղ է, եւ հույները հույս ունեն այդ եղանակով շահել դատը: Բացի այդ, թուրքագետի կարծիքով, հույները, բացի փոխհատուցում պահանջելը, նպատակ ունեն նաեւ միջազգային օրակարգում պահել կիպրական հարցը` փորձելով դրա լուծման համար իրավական ուղիներ փնտրել:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ հույները նախորդ տարի 1 տրիլիոն էին պահանջում, իսկ այս տարի` 170 միլիարդ, փորձագետն արձագանքեց, որ ԱՄՆ դատական համակարգում նախադեպը հզոր ուժ ունի: «Այսինքն, եթե նունիսկ նրանք 160 հազար ԱՄՆ դոլար կարողանան փոխհատուցում ստանալ` դատը շահելով, դա կլինի նախադեպ արդեն 1 տիլիոնի համար: Գումարն էական չէ, էականը տրամաբանությունն է»,-նշեց փորձագետը: Նա նաեւ հավելեց, որ մինչ այս նման նախադեպ չի եղել ԱՄՆ դատական համակարգում, ուստի, գումարի չափն իջեցնելով, հույները գուցե փորձում են ավելի հեշտ պայմաններ ստեղծել` դատական նախադեպ ստեղծելու համար:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում բնակվող հույն կիպրացիները դատական հայց են ներկայացրել ԱՄՆ կառավարության դեմ: Նրանք Կիպրոսի օկուպացիայի համար պահանջում են 170 մլրդ դոլար: Կիպրացիների անունից հայցը Վաշինգտոնի շրջանային դատարան է ներկայացրել փաստաբան Ատհան Ցիմպեդեսը:




























