Հայաստանը Եվրամիության հետ կարող է նոր համագործակցություն հաստատել ոչ միայն քաղաքականության, այլ նաեւ տնտեսության ոլորտում։ Այս մասին մայիսի 22-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։
Նա նշեց, որ Ռիգայում «Արեւելյան գագաթնաժողովից» առաջ Հ Նախագահ Սերժ Սարգսյանը իր ելույթում ողջունել է այն հանգամանքը, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման կամքը ազատ է մասնակիցների համար։ «Հայաստանի բազմավեկտոր ու հավասարակշռված քաղաքականությունը Եվրոպայում ըմբռնում է գտնում։ Այդ մասին է վկայում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի երեկվա հայտարարությունը մեր երկրի արտաքին քաղաքական ընտրության նկատմամբ հարգանք դրսեւորելու մասին»,- նշեց Մելիքյանը։





























