ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած «Ոչ էլեկտրաէներգիայի թանկացմանը» կարգախոսով բողոքի ակցիան  այսօր` մայիսի 25–ին, ավարտվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ, որտեղ միության անդամներն իրենց դիմում-պահանջագիրը հանձնեցին գրասենյակի աշխատակիցներին: (ֆոտոռեպորտաժ)

«Պահանջում ենք ընթերցել եւ արձագանք տալ այս դիմումին, քանի որ կարծում ենք, որ այստեղ կան գործընթացներ, որոնք վերաբերում են նաեւ հանձնաժողովին: Խնդրում ենք, որ դուք գործիք չդառնաք ՀԷՑ-ի թալանչիների ձեռքին»,-ասաց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Անի Խաչատրյանը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Արթուր Վարդանյանը խոստացավ ուսումնասիրել դիմում- պահանջագիրը:

Բողոքի ակցիայի մասնակիցներն ինչպես Կառավարությունից, այնպես էլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից պահանջում են ուսումնասիրել ՀԷՑ-ի ղեկավարության կատարած ծախսերը, պատասխանատու մարմիններին ենթարկել պատասխանատվության, նրանցից գանձել ՀԷՑ–ի կուտակած բոլոր պարտքերը, որոնք, երիտասարդների խոսքով, որոշ մարմիններ «փաթաթել են քաղաքացիների  ուսերին»:

Երիտասարդները պահանջում են նաեւ միջազգային կազմակերպությունների կողմից ՀԷՑ-ում ֆինանսական եւ տեխնիկական աուդիտ անցկացնել, ու մինչեւ աուդիտի արդյունքների հրապարակումը բացառել էլեկտրաէներգիայի թանկացումը:

Նշենք, որ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության բողոքի ակցիան եւ երթը ոստիկանները չէին հսկում, ինչը, ըստ ակցիայի մասնակիցների, ոստիկանության անգործության նշան է:

ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը մոտ 16 դրամով բարձրացնելու համար։ Հոսանքի թանկացմանը կհաջորդի առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը, որը մեծ հարված կլինի ցանկացած ՀՀ քաղաքացու գրպանին։