ԱՄՆ-ում մի կին հայտարարել է, որ իր եղբայրը սեռական բռնության է ենթարկվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Դեննիս Հասթերթի կողմից, որը այդ ժամանակ Չիկագոյի արվարձաններից մեկի դպրոցում մարտարվեստի մարզիչ էր աշխատում։ Այս մասին տեղեկացնում է ABC-ն՝ վկայակոչելով Associated Press գործակալությունը։

Մոնտանա նահանգի Բիլլինգս քաղաքի բնակչուհի Ջոլին Բերջը պատմել է, որ անցյալ ամիս ՀԴԲ-ն իրեն հարցեր է տվել Հասթերթի մասին, որին դաշնային մեղադրանքներ են ներկայացվել այն բանի համար, որ նա 2010թ. համաձայնվել է ոմն մեկին 3.5 մլն դոլար վճարել, որպեսզի նա չբարձրաձայնի «նախկին իրավախախտման» մասին։

Վերոնշյալ կնոջ եղբայրը մահացել է 15 տարի առաջ՝ նախքան այն պահը, երբ Հասթերթը ենթադրաբար խոստացել էր անհայտ անձին գումար վճարել։

Կինը հայտնել է, որ մահվանից առաջ եղբայրը խոստովանել է, որ իր առաջին նույնասեռական կապը եղել է Հասթերթի հետ եւ շարունակվել է ավագ դպրոցական տարիների ընթացքում։ Սթիվեն Ռեյնբոլդթը հաճախում էր այն դպրոցը, որտեղ Հասթերթը պատմության ուսուցիչ եւ մարզիչ էր աշխատում։ Ռեյնբոլդթը մահացել է Լոս Անջելեսում 1995թ. Քրոջ խոսքով՝ նա մահացել է ՁԻԱՀ-ից։

Մեղադրական եզրակացությանը ծանոթ անձը պատմել է, որ փաստաթղթերում նշված՝ լռության համար անհրաժեշտ գումարը Հասթերթը վճարել է մի քանի տասնամյակ առաջ սեռական ոտնձգության փորձը թաքցնելու համար։ Այս մասին նշած անձը ցանկացել է անհայտ մնալ, քանի որ հետաքննությունը դեռ շարունակվում է։

Հասթերին սեռական բռնության համար դեռեւս մեղադրանք չեն ներկայացրել։ Սակայն Ջոլին Բերջի պատմությունը հիմք է տալիս ենթադրել, որ կարող են նաեւ այլ զոհեր եղած լինել։

CBS հեռուստաընկերությունն իր հերթին հայտնում է, որ հետաքննության ընթացքում ՀԴԲ-ն իմացել է առնվազն 2 կամ 3 տուժածի մասին, որոնք պնդում են, որ իրենք սեռական բռնության են ենթարկվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի կողմից։

Նշենք, որ Հասթերթին մեղադրանք էր  ներկայացվել ՀԴԲ-ից 3.5 մլն դոլար գումարը թաքցնելու համար, որը նա վճարել է Իլինոյսի մի բնակչի, որպեսզի թաքցնի գործած իրավախախտումը։ Թե ինչ իրավախախտման մասին է խոսքը, ոչինչ չի հաղորդվում։ Նա գումարը իր հաշվեհամարից հանել էր 2010-2014թթ. ընթացքում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ լինելու տարիներին նա տապալել էր Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը։ ՀԴԲ թարգմանիչը հայտարարել էր, որ Հասթերթի խոսակցությունների գատնալսման ժամանակ բացահայտվել էր, որ նա կաշառվել է թուրքերի կողմից։ Սակայն քննիչները ոչ մի ապացույց չէին  գտել։ Հրաժարական տալով՝ նա սկսել էր թուրքամետ լոբբինգ ով զբաղվել եւ պայմանագիր էր կնքել Թուրքիայի կառավարության հետ։