Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, որտեղ 54 տարվա ընդմիջումից հետո հաղթել են նաեւ հայկական արմատներ ունեցող 3 թեկնածուները:
Պարոն Գոչունյան, հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Ինչպե՞ս եք գնահատում անցկացված ընտրությունները: Կարծիք կա, որ Թուրքիայում հնարավոր են արտահերթ ընտրություններ:
Ընտրություններից հետո մի պահ քաղաքական մեկնաբաններն ու վերլուծաբանները հավանական էին համարում արտահերթ ընտրությունների անցկացումը, սակայն հաջորդ օրերին տարբեր քաղաքական ուժեր հանդես եկան հայտարարություններով, որոնք նվազեցրին արտահերթ ընտրությունների հավանականությունը: Չի բացառվում, որ ստեղծվող խորհրդարանը մինչեւ ժամկետի ավարտը չկառավարի, սակայն մի տեսանելի ժամանակաշրջան կարծում եմ կգործի:
54 տարվա ընդմիջումից հետո Թուրքիայի խորհրդարան են անցել 3 հայ պատգամավոր: Ձեր կարծիքով՝ նրանք ի՞նչ կարող են անել հայ-թուրքական հարաբերությունների զարգացման համար:
Գործունեության մասին տեսակետ հայտնելն այս պահին դժվար է, քանի որ նրանք դեռ չեն հասցրել նույնիսկ երդվել: Ըստ իս՝ ողջունելի երեւույթ է, որ խորհրդարանում 3 հայ պատգամավոր ունենք, քանի որ մոտավորապես 50-60 տարի մենք ներկայացուցիչ չենք ունեցել:
Նախ եւ առաջ, պետք է ընդունել, որ պատգամավորը խորհրդարանում չի գտնվում՝ ներկայացնելու Թուրքիայի հայկական համայնքը, նրանք ընդհանուր երկրի պատգամավորներն են, ոչ թե հայկական համայնքի ներկայացուցիչներ: Եթե Լիբանանում հայկական համայնքին խորհրդարանում առանձին քվոտաներ են տրամադրվում, Թուրքիայում այդպես չէ. դուք որպես անհատ եք մասնակցում ընտրություններին: Ամեն դեպքում ողջունելի է, որ այսքան տարի անց միանգամից երեք պատգամավոր ունենք: Բնականաբար, համայնքը նրանց համեմատաբար ավելի հարազատ եւ յուրային է ընկալում: Ուրիշ դրական երեւույթ էլ կա. խորհրդարան անցած 4 կուսակցություններից 3-ում հայեր կան: Թուրքիայի հայկական համայնքը միշտ բոլոր քաղաքական կուսակցությունների հետ հավասար հեռավորության վրա է եղել: Այս առումով, 4 կուսակցություններից 3-ում հայեր լինելու հանգամանքը մեզ համար ողջունելի երեւույթ է:
Ամեն դեպքում այս պատգամավորներն առաջնորդվելու են իրենց կուսակցությունների, խորհրդարանական խմբակցությունների որդեգրած քաղաքականությամբ:
Չմոռանանք, որ վերջին երկու տարվա ընթացքում Թուրքիայում 3 ընտրություն է տեղի ունեցել՝ տեղական ինքնակառավարման մարմինների, նախագահական եւ խորհրդարանական: Այս շրջանում միջկուսակցական հարաբերությունները բավականին լարված էին, հիմա արդեն ավելի հանգիստ կլինեն: Հետեւաբար, չի բացառվում, որ 3 պատգամավորները կարող են միասին ինչ-որ բան անել: Դա իհարկե հավանական ծրագիրն է, մնացածը ժամանակը ցույցը կտա:

Պարոն Գոչունյան, ի՞նչ կարող են անել հայկական արմատներ ունեցող հայ պատգամավորները Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Չմոռանանք Էթյեն Մահչուփյանի դեպքը, երբ Ցեղասպանության մասին խոսելուց հետո ազատվեց աշխատանքից:
Մահչուփյանի աշխատանքի հետ կապված այլ հանգամանքներ կային: Մահչուփյանն այնպիսի անձնավորություն էր, որ վերջին 20-25 տարիներին քեմալական գաղափարախոսությունն ամենահիմնավորված ձեւով հարցաքննող մարդն էր, եւ այս ամբողջի մեջ Հայկական հարցին բավականին ավելի հիմնավորված քննադատական մոտեցում ցույց տվեց: Նա այն մտավորականներից է, որ վարժեցրեց Թուրքիայի հասարակությանն այլընտրանքային մոտեցումները հաշվի առնելու, քանի որ մինչեւ այդ պաշտոնական գաղափարախոսության դրսեւորումներն էին մատուցվում: Ես միանշանակ չեմ կարող ասել, որ Մահչուփյանին այդ հայտարարության համար են հեռացրել, հատկապես որ նա էլ այլ պարզաբանում էր ներկայացրել:
Թեմայից չշեղվենք. նույնիսկ 30 պատգամավորի առկայությունը խորհրդարանում ոչինչ չի փոխի, եթե Թուրքիայում այդ պետական գիծը չհասունանա ցանկացած թեմայի պարագայում: Չենք կարող հիմա ասել, որ Թուրքիայում 3 հայ պատգամավորի առկայությունն անսպասելի փոփոխություն կմտցնի Թուրքիայի պետական դիրքորոշման մեջ:
Զրուցեց Աիդա Հովհաննիսյանը





























