Բյուջետային միջոցների անբավարարության պատճառով Բրազիլիան հետաձգել է Ռուսաստանից «Պատյան С» զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման մասին պայմանագրի ստորագրումն ու ծրագրում է գործարքը ձեւակերպել 2016 թվականի սկզբին: Այս մասին ԻՆՏԵՐՖԱՔՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Բրազիլիայի դեսպան Անտոնիո Ժոզե Վալլիմ Գերեյրոն:

«Իմ ունեցած տեղեկություններով, ծրագրվում է ռուսական զենիթահրթիռային համալիրները ձեռք բերել 2016 թվականի առաջին կեսին»,- ասել է բրազիլացի դիվանագետը: Նրա խոսքով, հետաձգման պատճառն այն է, որ այս տարվա դաշնային բյուջեով բավականաչափ միջոցներ չեն նախատեսվել նշված սպառազինության համար վճարելու նպատակով:

Ամեն դեպքում, Անտոնիո Ժոզե Վալլիմ Գերեյրոն հավելել է, որ գնման մասին որոշումն ընդունվել է, եւ համապատասխան գործարքն անպայման իրականացվելու է: