Ազատության հրապարակում գիշերը խաղաղ է անցել, այնտեղ գիշերել են մոտ 70 քաղաքացի, տարածքը հսկել են նույնքան թվով ոստիկաններ:

Այս մասին այսօր` հուլիսի 7-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախորդ օրվանից հացադուլ սկսած ակտիվիստ, «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը:

«Գիշերը շատ խաղաղ է անցել: Ստեղ մնացել էին 60-70 հոգի եւ այդչափ էլ ոստիկաններ կային տարածքում: Մինչեւ առավոտ քննարկումներ էին անում, մի մասն էլ քնած էր: Առավոտյան ցուցարների մի մասը գնացին»,-ասաց Դավիթ Սանասարյանը:

Նշենք, որ այս պահին Ազատության հրապարակում մոտ մեկ տասնյակ ցուցարարներ կան, որոնց կեսը քնած է: Ցուցարարներին են միանում այլ քաղաքացիներ: Տարածքը  հսկում են մոտ մեկ տասնյակ ոստիկաններ:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը հուլիսի 6-ին, ոստիկանությունը ցրել է Բաղրամյան պողոտան երկու շաբաթ փակ պահած ցուցարարներին, որոնք ավելի ուշ  հավաքվել են Ազատության հրապարակում։ Ցուցարարները ցանկացել էին երթ անցկացնել, սակայն ոստիկանությունը չէր թույլատրել:  Ցուցարարներից շատերը գիշերել են Ազատության հրապարակում: