Պետք է կանխել եվրոգոտուց Հունաստանի դուրս գալը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարնի նստաշրջանում:

«Իմ ձգտումն է՝ խուսափել եվրոգոտուց Հունաստանի դուրս գալու հեռանկարից: Պետք է վերադառնալ բանակցություների սեղանի շուրջ», - ընդգծել է Յունկերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Պետք է հարգել Հունաստանի քաղաքացիների արտահայտած կարծիքը, բայց պետք է վերլուծել եւ հասկանալ, թե ինչ է նշանակում այդ կարծիքը եւ ինչ է նշանակում հանրաքվեի ժամանակ ասած «ոչ»-ը:

«Հունաստանի վարչապետը հրաշալի գիտի, որ այն հարցը, որը դրվել է հանրաքվեի, չի համապատասխանում բանակցային այն իրավիճակին, որը գոյություն ուներ հանրաքվեի պահին: Ես մտադիր եմ հասնել նրան, որ Հունաստանի վարչապետը համապատասխան բացատրություններ ներկայացնի»,-ընդգծել է Յունկերը:

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին հանրաքվե է անցկացվել Հունաստանում, որտեղ ժողովուրդը պատասխանել է հարցին, թե արդյոք համաձա՞յն է Եվրահանձնաժողովի, ԱՄՀ-ի եւ Եվրոպական կենտրոնական բանկի առաջարկած ծրագրին: Հունաստանի բնակչության 61,31 տոկոսը բացասական պատասխան է տվել վարկատուների առաջարկած պայմաններին: