Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ հուլիսի 7-ին տեղի է ունեցել «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» եւ «Գոգավան» անցման կետերի արդիականցում» ծրագրի ղեկավար խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են միջազգային կառույցների եւ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ֆինանսների նախարարը հորդորել է ակտիվ քննարկումներ ծավալել՝ ծրագրի ավարտական փուլին առնչվող բոլոր խնդիրների վերհանմանն ու լուծմանը միտված: Նախարարն ընդգծել է շինարարական աշխատանքները միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող որակով եւ սահմանված ժամկետներում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը: «Ծրագրի իրականացման արդյունքում   ֆիզիկական անձինք եւ բիզնեսի ներկայացուցիչները հնարավորություն կստանան սահմանահատումն իրականացնել առավել սահուն եւ արագ»,-նշել է նախարարը:

ՀՀ նախագահի օգնական Վարուժան Ներսիսյանը նշել է ծրագրի վճռական փուլ թեւակոխելու մասին՝  կարեւորելով ջանքերի միավորումը՝ շինարարական աշխատանքներն ըստ ժամանակացույցի ավարտելու համար: Նիստի ընթացքում ներկայացվել են կատարված աշխատանքները, քննարկվել են խնդիրներն ու նախանշվել առաջիկա անելիքները:

ՀՀ-ում ՄԱԶԾ գրասենյակի ղեկավար Բրեդլի Բուզետտոն կարեւորել է քննարկումը՝ ծրագրին առնչվող բոլոր հարցերը հստակեցնելու եւ որոշումներ ընդունելու առումներով:

«ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» եւ «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի նպատակը սահմանների համալիր կառավարման ժամանակակից, եվրոպական չափանիշներին համապատասխանող համակարգերի ներդրումն է: 60.6 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության դրամաշնորհային եւ վարկային այլ միջոցների հաշվին: Այն իրականացնում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի գրասենյակը: