Թուրք լրագրողուհուն վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող Արամ Գրիգորյանը կատարվածում իրեն մեղավոր չի ճանաչում։ NEWS.am-ի հետ զրույցում նա մեղադրեց թուրք լրագրողուհուն, իբր վերջինս դեպքի պահին պառկած է եղել Մաշտոցի պողոտայի մեջտեղում եւ ինքը չի նկատել նրան։ 

«Աշխատանքի էի, պատվեր էի կատարում, ուղեւորիս տանում էի տուն։  Թուրք լրագրողուհին պառկած է եղել փողոցում՝ գիշերվա ժամը 05։00-ի կողմերը։ Հենց տեսա ոտքս արգելակին դրեցի, բայց մեքենան չկանգնեց եւ այդ աղջկան մեքենայիս սկզբնամասով հարվածեցի։ Անմիջապես զանգեցինք «Շտապօգնություն», ոստիկանություն, նրան հիվանդանոց տեղափոխեցին, բայց , ցավոք, 13 օրից մահացավ»,-ասաց նա։

Արամ Գրիգորյանը փորձաքննության արդյունքների հետ համաձայն չէ, ըստ որի՝ ինքը կարող էր 28 մետր հեռավորության վրա՝ մեքենայի հեռահար լույսերով տեսնել փողոցում ընկած աղջկան։ Արամ Գրիգորյանը, սակայն, դեպքի պահին մեքենայի մոտակա լույսերն է միացրած եղել, ինչով հնարավոր էր տեսնել միայն մոտակա  10 մետրը։

«Երթեւեկության ոչ մի կանոն չեմ խախտել եւ դեպքի պահին վառված են եղել մեքենայիս մոտակա լույսերը, որով հնարավոր է տեսնել մինչեւ 10 մետր։ Ուղեւոր եմ ունեցել եւ նա նույնպես հաստատում է դա։ Փորձաքննություն են կատարել այլ մեքենայի հեռահար լույսերը միացրած, որի արդյունքում պարզել են , որ կարող էի 28 մետրի վրա արգելակել, սակայն դա չեմ արել։ Փորձաքննություն կատարվել է նույն մակնիշի, սակայն այլ մեքենայով, քանի որ փորձաքննության ժամանակ մեքենայիս մոտակա լույսերը չեն աշխատել»,-ասաց նա։

Արամ Գրիգորյանը պնդում է, որ սխալ փորձաքննություն է կատարվել եւ  նա պատրաստվում է միջնորդություն ներկայացնել՝ երկրորդ անգամ փորձաքննություն անցկացնելու համար։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արամ Գրիգորյանը  «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան վարել է Երեւան քաղաքի Ամիրյան փողոցի կողմից Մաշտոց պողոտայով դեպի Սայաթ-Նովա փողոցի ուղղությամբ, շուրջ 40 կմ/ժամ արագությամբ, իր ուղեմասի երկրորդ շարքով, հեռահար լույսերը միացված վիճակում: Չհասած Մաշտոց եւ Թումանյան փողոցների խաչմերուկին` թույլ է տվել ՃԵԿ-ի 67 կետի պահանջին հակասող գործողություն, այն է` իր ընթացքի ուղղությամբ, առջեւում` երթեւեկելի ուղեմասում պառկած Գ. Ջոշարին հայտնաբերելու հնարավորություն ունենալու սկզբնապահից սկսած, երթեւեկության անվտանգությունն ապահովելու եւ վերջինիս նկատմամբ վրաանցումը կանխելու նպատակով, ժամանակին կատարված արգելակումով չի կանգնեցրել իր վարած ավտոմեքենան մինչեւ Գ. Ջոշարին հասնելը, որի տեխնիկական հնարավորությունն ունեցել է եւ ինքն իրեն զրկելով վրաերթը` վրաանցումը կանխելու տեխնիկական հնարավորությունից, ավտոմեքենայի առջեւի մասով վրաերթի է ենթարկել վերջինիս եւ անզգուշությամբ պատճառել մահ: