Ռուսական ռուբլու տատանումները մեծ ազդեցություն չեն ունեցել հայ արտահանողների վրա։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է HSBC Bank Armenia-ի գործադիր տնօրեն Թիմ Կլեմենցը HSBC Trade Awards ամենամյա արարողության ժամանակ։
Նրա խոսքով, բանկը իր հաճախորդների մոտ նման խնդրի չի բախվում։ «Եթե անհրաժեշտ է, մենք կարող ենք օգնել, բայց ահազանգեր դեռ չենք տեսնում»,- ասել է նա։
Հարցին, հնարավոր է ռուսաստանցի գնորդների կողմից վճարումների ձգձգումները հանգեցնեն բանկին հայ արտահանողների վճարումների ձգձգման, Կլեմենցը պատասխանել է. «Որոշ վճարումներ կարող են ավելի երկար տեւել, բայց անվճարունակության ռիսկեր, որպես այդպիսին, մենք չենք տեսնում»։
Նշենք, որ HSBC-ն Հայաստանում առեւտրի ֆինանսավորման գործիքների շուկայի առաջատարն է՝ զբաղեցնելով շուկայի 37 տոկոսը։





























