Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը շատ մեղմ դրսեւորումներ ունեցավ։ Այս մասին հուլիսի 9-ին «Էլեկտրաշոկ. Հնարավոր են արդյոք հայաստանում քաղաքական փոփոխություններ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց փորձագետ Էդգար Վարդանյանը։

Նրա խոսքով՝ Երեւանում քաղաքացիական անհնազանդության շատ մեղմ դրսեւորումներ են եղել։ «Ցուցարարները գործել են օրենքի սահմաններում։ Այս դեպքում չեն սահմանափակվել այլ մարդկանց իրավունքները։ Թեպետ դա անհնազանդության արշավ էր, բայց գործադրվող միջոցները եղել են օրենսդրության շրջանակներում»,- ընդգծեց Էդգար Վարդանյանը։

Նա նշեց, որ շատերի համար իրադարձությունները բավական անսպասելի էին. «Հաջողությանը նպաստող գործոններից մեկն այն էր, որ մարդկանց մոտ դժգոհություն էր կուտակվել։ Երկրորդ՝ ակցիան կազմակերպվել էր քաղաքացիական նախաձեռնությամբ։ Փորձը ցույց է տալիս, որ մարդիկ հակված են ավելի շատ վստահել քաղաքացիական նախաձեռնություններին, քան քաղաքական կուսակցություններին։ Սա պայմանավորված է երկրում գործող ռեժիմի բնույթով»։

Վարդանյանի խոսքով՝ ընդդիմադիր կուսակցությունները տարիներ շարունակ իշխանություններին մարտահրավեր են նետում, բայց օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով պարտվում են։ «Պատահական չէ, որ շարժման ամենասկզբից իշխանամետ տարբեր կառույցներ ասում էին, որ չի կարելի այդ ամենը քաղաքականացնել։ Սակայն չի կարելի չքաղաքականացնել գործընթացը, որը ամենասկզբից քաղաքական էր։ Մարդիկ ասում են, որ այդ որոշման հիմքում ընկած է քաղաքական կոռուպցիան»,- ընդգծեց փորձագետը։