Ֆրանսիայում ոստիկանների արհմիությունը հասել է նրան, որ իրավապահներին թույլատրվել է մորուք պահել եւ դաջվածք անել: Այս մասին գրում է The Local-ը:
Պարբերականը նշում է, որ այս հարցով քննարկումները շարունակվել են շուրջ երկու տարի: Ավելի վաղ ոստիկանների արտաքին տեսքի հարցում գործում էին դեռեւս 1974 թվականին ընդունված կանոնները: Մասնավորապես, մորուք պահելու համար անհրաժեշտ էր ունենալ բժշկի հատուկ տեղեկանք, իսկ սանրվածքը պետք է համատեղելի լիներ ոստիկանական գլխարկի հետ:
«Եթե մենք ուզում ենք, որ ոստիկանությունը հասարակությանն ավելի մոտ լինի, ապա պետք է հարմարվել սոցիալական փոփոխություններին եւ նորացնել կանոնները»,-հայտարարել է արհմիության նախագահ Իվ Լեֆավրեն, հաղորդում է Lenta-ն:
Այդուհանդերձ, ոստիկանների կերպարի հարցում որոշ սահմանափակումներ կգործեն: Մասնավորապես, մորուքը պետք է լինի խնամված եւ չխանգարի անհրաժեշտ հանդերձանքին: Չի թույլատրվում կրել ռասիստական, քաղաքական, կրոնական կամ այլատյացական դաջվածքներ:





























