Գերմանիայում կյանքի թանկացման, կրթական համակարգի խնդիրների և սոցիալական անհավասարության դեմ երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերն ավարտվել են անկարգություններով, կողոպուտներով և ոստիկանության հետ բախումներով։ Ամենալուրջ միջադեպերը տեղի են ունեցել Մայնի Ֆրանկֆուրտում և Քյոլնում՝ շաբաթ՝ հոկտեմբերի 31-ի երեկոյան, ցերեկվա ընթացքում հիմնականում խաղաղ անցած ցույցերից հետո, հայտնում է dpa գործակալությունը։

Ֆրանկֆուրտում անկարգությունների մասնակիցները կոտրել են խանութների ցուցափեղկերը, ապրանքներ հափշտակել և ոստիկանների ուղղությամբ Մոլոտովի կոկտեյլներ նետել։ Հարձակման ենթարկված օբյեկտների թվում է եղել զենքի մասնագիտացված խանութը։ Ոստիկանությունը ձերբակալել է մի քանի կասկածյալի և առգրավել խանութից հափշտակված երկու միավոր զենք։ Քաղաքի կենտրոնում իրավապահները ջրցան մեքենաներ են կիրառել և ներգրավել հատուկ ստորաբաժանումներ։ Կեսգիշերին անկարգությունների վայրում գտնվել է անվտանգության ծառայությունների ավելի քան հազար աշխատակից, մոտ 30 մարդ ձերբակալվել է։

Հեսսեն երկրամասի ներքին գործերի նախարար Ռոման Պոզեկը հայտարարել է, որ Ֆրանկֆուրտում երեկոյան բախումներին մասնակցել է շուրջ 100 ենթադրյալ ծայրահեղ ձախական։ Մի քանի ոստիկան վնասվածքներ է ստացել, նրանցից մեկը ավելի լուրջ է տուժել։

Քյոլնում հայտնի տաճարի մերձակայքում տեղի ունեցած անկարգություններին մասնակցել է մոտ 200 մարդ։ Ոստիկանների ուղղությամբ շշեր և հեծանիվներ են նետել, մեկ մարդ վնասվածքներ է ստացել, հինգը ձերբակալվել են։ Բախումներ են տեղի ունեցել նաև Բեռլինում, Համբուրգում և Բրեմենում։

Բեռլինում ոստիկանությունը ժամկետից շուտ դադարեցրել է երեկոյան ցույցը՝ ոստիկանների վրա հարձակումներից և հրավառության միջոցների արձակումից հետո։ Իրավապահների տվյալներով, վնասվածքներ է ստացել 27 ոստիկան, ակցիայի մինչև 56 մասնակից ժամանակավորապես ձերբակալվել է։ Համբուրգում անկարգություններ են բռնկվել գլխավոր երկաթուղային կայարանի մերձակայքում, որտեղ մասնակիցները հրկիզել են շինարարական ցանկապատերը։ Բրեմենում ոստիկաններին հարվածել են ձեռքերով և ոտքերով։

Ցույցեր են անցկացվել Գերմանիայի ավելի քան 30 քաղաքներում՝ Gen Z regelt («Z սերունդը գործն իր ձեռքն է վերցնում») նախաձեռնության շրջանակում։ Կազմակերպիչները հայտարարել են ամբողջ երկրում ավելի քան 100 հազար մասնակցի մասին, թեև ցուցարարների թվի վերաբերյալ ոստիկանության համազգային տվյալներ չեն եղել։

Երիտասարդները պահանջել են բարելավել դպրոցական կրթությունը, թեթևացնել կյանքի աճող ծախսերի բեռը և ապահովել ավելի մեծ սոցիալական արդարություն։ Կարգախոսների թվում են եղել՝ «Մեր ապագան չի վաճառվում», «Կրթություն, ոչ թե ռումբեր» և «Փոխել համակարգը, ոչ թե կլիման»։ Քաղաքական գործիչներն ու ոստիկանությունը երեկոյան բռնությունների պատասխանատվությունը դրել են արմատական ձախ ակտիվիստների խմբերի վրա։