Հուլիսի 10-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է 5-րդ բանակային զորամիավորման միամյա գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն: Հանդիպման ընթացքում գեներալ-մայոր Իշխան Մաթեւոսյանը ներկայացրել է 2014թ. հուլիսից մինչեւ այս տարվա հունիսն ընկած ժամանակահատվածում բանակային զորամիավորման շրջանակում անցկացված միջոցառումների արդյունքներն ու բացթողումները:
Բանակային զորամիավորման հրամանատարի հաշվետվության լսումներին ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի եւ գլխավոր շտաբի պետի տեղակալները, նախարարի խորհրդականներ, վարչությունների պետեր, ինչպես նաեւ բանակային զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարներ:
Ողջունելով ներկաներին` նախարար Սեյրան Օհանյանը կարեւորել է նմանաբնույթ հաշվետվությունների ներկայացումը եւ ընդգծել, որ կատարված աշխատանքների համակողմանի վերլուծության դեպքում միայն կարելի է նախանշել առաջիկա անելիքներն ու բացառել նախկինում թույլ տրված սխալները:
Ներկայացնելով զորամիավորման գործունեության արդյունքները՝ գեներալ-մայոր Իշխան Մաթեւոսյանը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում բարձր մակարդակով անցկացվել են մարտական եւ զորահավաքային պատրաստականության բարձրացմանը միտված, ուսումնական տարվա պատրաստության պլաններով նախատեսված բոլոր միջոցառումները:
Զորամիավորման հրամանատարը ներկաների ուշադրությունը հրավիրել է հատկապես մարտական պատրաստության 79 հանկարծակի ստուգումների, մարտավարաշարային եւ օպերատիվ պատրաստության պարապմունքների, հրամանատարաշտաբային զորավարժությունների, շտաբային մարզումների, մարտական հերթապահության կրման պայմանների կատարելագործման եւ մարտական հենակետերի ու միջդիրքային ճանապարհների բարեկարգմանն ուղղված աշխատանքների վրա, որոնք պաշտպանության նախարարի կողմից ընդհանուր առմամբ դրական են գնահատվել: Այս ամենից զատ՝ գեներալ-մայորի դիտարկմամբ լուրջ ուշադրություն է դարձվել ուսումնանյութական բազայի թարմացման, զինվորական կարգապահության եւ բանակ-հասարակություն կապերի ամրապնդմանն ուղղված միջոցառումներին: Զորամիավորման հրամանատարը արձանագրել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում հրամկազմի հետեւողական աշխատանքի արդյունքում շուրջ 50 տոկոսով նվազել են կարգապահական խախտումները, արտակարգ դեպքերն ու պատահարները: Արդյունքների ամփոփումից հետո պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընթացիկ խնդիրների վերաբերյալ մի շարք ցուցումներ եւ հանձնարարականներ է տվել զորամիավորման հրամանատարական կազմին՝ մատնանշելով աշխատանքային այն հիմնական ուղղությունները, որոնց պետք է առավելագույն ուշադրություն դարձնել:
(1).jpg)
(1).jpg)





























