Սեւանա լճի ափով Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ գնացող մայրուղին պետք է վերանորոգել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարեց  Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

Նա նշեց, որ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հատվածը Հայաստանի տարածքում արդեն վերանորոգվել է, եւ ավարտին են հասցվել ասֆալտապատման հողային աշխատանքները:

Քանի որ երկու հանրապետությունների միջեւ երթեւեկության հիմնական հոսքը ամենայն հավանականությամբ նոր ճանապարհով է անցնելու, առաջանում է Վարդենիս-Սեւան հատվածի մոդերնիզացման հարցը, քանի որ ներկայիս վիճակում այդ մայրուղին պիտանի չէ նման երթեւեկություն  ապահովելու համար, պարզաբանեց Գրիգորյանը:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի արտագնա նիստում քննարկվել է հիմնական մայրուղին Սեւանի հարավային ափի փոխարեն հյուսիսային ափով՝ Շորժայի տարածքով,  անցկացնելու հարցը: «Ե՛վ կարճ կլինի, եւ՛ այդ ափը կսկսի զարգանալ: Այնտեղ խոշոր քաղաքներ եւ մեծ շարժ չկա: Կարծում եմ, այդպես շատ ճիշտ կլինի, բաց դեռեւս ամեն ինչ քննարկումների փուլում է: Անհրաժեշտ է նաեւ ճանապարհային աշխատանքների նախահաշիվը»,- պարզաբանել է նահանգապետը: