Ամուսնու կողմից ծանր հրազենային վնասվածք ստացած ծննդկանի վիճակը օր օրի լավանում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը:
Նա դեռ գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, քանի որ այնտեղ հսկողությունը ավելի ինտենսիվ է: «Վիճակը դեպի լավն է գնում, բայց դուրս գրման մասին դեռ վաղ է խոսել, պետք է լիարժեք ապաքինվեն»,-ասաց բժիշկը:
Օրեցօր դեպի լավի է գնում նաեւ նորածնի վիճակը, ով գտնվում է Մանկական Վերակենդանացման բաժանմունքում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում հունիսի 30-ին արտակարգ դեպք է գրանցվել: Ամուսինը եկել էր հիվանդանոց, կրակել ժամեր առաջ կեսարյան հատմամբ ծննդաբերած կնոջը, ապա ինքնասպան եղել:
Մեզ հաջողվեց պարզել, որ նրանք ապրում են Դավիթաշենում, կինը՝ 27-ամյա Միլենա Ա.-ն ծննդաբերել է 8 ամսականում: Ամուսինը՝ 33-ամյա Հայկ Վ.-ն գալով հիվանդանոց տեսել էր զոքանչին եւ հարազատներին այնտեղ, ապա նրանց ուղարկել էր բուլկի գնելու եւ կրակել կնոջ պարանոցին: Ամուսինը տեղում մահացել էր, կնոջը վիրահատել են, վիճակը օրեր շարունակ ծայրահեղ ծանր է, լույս աշխարհ եկած բալիկի մոտ եւս խնդիրներ կային:





























