Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երեւանի բնակիչ Արթուր Ղազարյանի կողմից ապօրինի զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու, պահելու դեպքի առթիվ։

Նախնական քննության նյութերի համաձայն՝ Երեւան քաղաքի բնակիչ, 1977թ. ծնված Արթուր Ղազարյանն ապօրինի կերպով ձեռք է բերել եւ կրել հրազեն հանդիսացող «ВИКИНГ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ եւ ռազմամթերք հանդիսացող 9մմ /9X19/ տրամաչափի փամփուշտներ, որոնք նրա մոտ հայտնաբերվել են 2015թ. հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ընթացքում:

Ոստիկանության բաժնից ստացած նյութերի հիման վրա՝ 2015 թվականի  հուլիսի 10-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների  քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նույն օրը Ա.Ղազարյանը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ Արթուր Ղազարյանը քրեական շրջանակներում հայտնի է «Քանաքեռցի Տույ» մականունով: