Սիլիկյան թաղամասում զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալված՝ «Քարերի աշխարհի» սեփականատեր Կառլեն Մարտիրոսյանի 3 որդիներին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ՝ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Աշոտ, Հրաչյա, Հրանտ Կառլենի Մարտիրոսյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Քննիչը որոշում է կայացրել՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 9-ին` ժամը 14:30-ին, ոստիկանություն է դիմել Սիլիկյան թաղամասի մի բնակչուհի, որ համագյուղացի Կառլեն Մարտիրոսյանն իրենց տան բակում փայտով հարվածել է իրեն եւ պատճառել ֆիզիկական ցավ, որից հետո Կառլեն Մարտիրոսյանն իր որդիների՝ Հրանտ, Հրաչ, Աշոտ Մարտիրոսյանների հետ հետապնդել են իր անչափահաս որդուն, հայհոյել, երկաթյա եւ փայտյա մահակներով դիտավորությամբ վնասել իր ավտոմեքենան։
Հարուցվել էր քրեական գործ, հուլիսի 9-ին երեք անձ՝ Աշոտ, Հրաչյա եւ Հրանտ Կառլենի Մարտիրոսյանները, ձերբակալվել են:




























