Թուրքիայի արեւելքում գտնվող եւ Հայաստանի հետ սահմանակից Կարս ժամանած Թուրքիայի առողջապահության նախարարը զավեշտալի մեկնաբանությամբ է հանդես եկել հայ-թուրքական սահմանի փակ լինելու կապակցությամբ։
Թուրքական Medya73-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղը, Կարսում, լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանի հետ սահմանը փակ Կարսի համար, պատասխանել է. «Դուք գիտեք, որ հայ-թուրքական սահմանի փակ լինելու միակ մեղավորը Հայաստանն է։ Սահմանի բացման ուղղությամբ Թուրքիան շատ ջանքեր է գործադրել։ Հուսով եմ, որ Հայաստանը այդ ջանքերին կպատասխանի։ Հայաստանը պետք է ստանձնած պարտականությունները կատարի։Այն ժամանակ էլ սահմանների բացման հարցը օրակարգ կգա»-պատասխանել է թուրք նախարարը։
Նշենք, որ Կարսի բնակչությունը, բացառությամբ այնտեղ բնակվող ազերիների, կողմ է առանց նախապայմանների հայ-թուրքական սահմանի բացմանը։ Այնինչ, Թուրքիայի առողջապահության նախարարը ցույց տվեց իր տեղեկացվածության ցածր աստիճանը կամ փորձեց ապատեղեկացնել Կարսի բնակչությանը։ Նա, երեւի տեղյակ չէ, որ Թուրքիան ստորագրելով հայ-թուրքական արձանագրությունները, ընդունել է առանց նախապայմանների բացել սահմանները եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, իսկ իր երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խախտելով «առանց նախապայմանների» սկզբունքը, հայտարարում է, թե առանց Ղարաբաղի խնդրի կարգավորման, արձանագրությունները չեն վավերացվի։




























