Հայաստանում ռուսական ռազմաբազաների ժամկետի երկարաձգումը միանգամայն տրամաբանական է, քանի դեռ Հայաստանը Ռուսաստանի համար դիտարկվում է որպես հակաթյուրքականության եւ հակաթուրքականության պատվար Հարավային Կովկասում: Այս մասին օգոստոսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Նա հավելեց, որ այս համատեքստում Հայաստանը պետք է շահագրգռված լինի, որպեսզի ռուսական բազաները հնարավորինս երկար մնան Հայաստանում, քանի որ առայժմ կանխատեսելի չէ, թե երբ կբարելավվեն հայ-թուրքական հարաբերությունները եւ երբ կլուծվի ԼՂ խնդիրը:
«Հայաստանը կշարունակի ընկալվել որպես անդեմ երկիր, եթե չփորձի փոխել իր հարաբերությունները հարեւան երկրներ հետ եւ առկա հակաթուրքականությունը չվերափոխվի որակապես մեկ այլ իրավիճակի, որտեղ մենք իսկապես կկարողանանք կանոնակարգել մեր հարաբերությունները ոչ միայն Թուրքիայի, այլեւ Ադրբեջանի հետ»,-նշեց Մելիքյանը: Նրա կարծիքով՝ այսօր Հայաստանը պատրաստ չէ դրան, քանի որ, ավաղ, հանդիսանում է Ռուսաստանի շատ ավելի վատ կրկնօրինակը: Մելիքյանը մտահոգություն հայտնեց, որ այսօր Հայաստանը կարող է պայմանագրեր ստորագրել մի Ռուսաստանի հետ, իսկ վաղը կամ 5-10 տարի հետո կարող է գործ ունենալ բոլորովին այլ Ռուսաստանի հետ:
«Ռուսաստանն այսօր իր շահերն ունենալով տարածաշրջանում, շարունակում է մնալ անգաղափարական երկիր եւ այդ տեսանկյունից, Ռուսաստանի ապագան առայժմ հստակ չէ»,-ընդգծեց բանախոսը: Հետեւապես, ըստ նրա, Հայաստանը պետք է վերափոխվի, դառնա ժողովրդավար եւ մեր ինքնիշխանությունը զոհ չտա Ռուսաստանի ներքին իրավիճակին:



























