ՀԾԿ հանձնաժողովի թերի գործունեության հետեւանքով Հայաստանը կանգնած է քաղաքացիական պատերազմի շեմին: Այս մասին այսօր` օգոստոսի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ոտքի Հայաստան» շարժման խորհրդի անդամ Դավիթ Հովհաննիսյանը:
«ՀԾԿ հանձնաժողովը 3-4 տարի է անգործության է մատնվել եւ ՀԷՑ-ը 3-4 տարի աշխատել է վնասով եւ մեծ պարտքեր կուտակել, սակայն դրան ի պատասխան հանձնաժողովը ընդամենը էլեկտրաէներգիայի սակագին է բարձրացրել` առանց մասնագիտական վերլուծության»,-ասաց նա:
Դավիթ Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ «Ոտքի Հայաստան» շարժումն ավելացնելու է իր պահանջները, որոնք կներկայացվեն օգոստոսի 11-ին կայանալիք հանրահավաքի ընթացքում:
«Մեր պահանջները միանշանակ շատանալու են, ամսի 11-ին մենք ունենք հանրահավաք, որի ընթացքում կներկայացնենք դրանք: Հուսով եմ, որ հանրահավաքը մարդաշատ կլինի, քանի որ մենք բարձացնում ենք այնպիսի խնդիրներ, որոնք վերաբերում են բոլորին»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է էլեկտրաէներգիան թանկացնել 6,93 դրամով, թեեւ «ՀԷՑ»-ը հայտ էր ներկայացրել 17 դրամով թանկացնելու վերաբերյալ:
Ի նշան բողոքի՝ հունիսի 23-ից հարյուրավոր քաղաքացիներ ավելի քան 2 շաբաթ փակել էին Երեւանի Բաղրամյան պողոտան՝ պահանջելով չեղարկել ՀԾԿՀ որոշումը: Նստացույցի 6–րդ օրը` հունիսի 27–ին, նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ մինչեւ «ՀԷՑ»–ի կողմից էլեկտրաէներգիայի թանկացման հայտի հիմնավորվածությունը ստուգող` միջազգային աուդիտի եզրակացության կազմումը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը` վճարելով 6,93 դրամը։





























