Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Ադրբեջան կատարած այցի ընթացքում հստակ դիրքորոշում չի հայտնել սեպտեմբերի 11-17-ը ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարի Նովրուզ Մամեդովը: Նրա խոսքով, պաշտոնական Բաքուն կարծում է, թե Անկարան նման քայլի չի գնա: «Համենայնդեպս, Ադրբեջանը հույսը չի կորցնում»,- ասել է նա:

Մամեդովը նկատել է, թե թուրքական կողմը հստակ դիրքորոշում չի հայտնել: «Ծրագրվում է դա, թե ոչ, առայժմ հստակ չէ: ՆԱՏՕ-ի շրջանակներում այդ հարցը քննարկվում է արդեն մի քանի ամիս: Թուրքական կողմը մեկ անգամ արդեն բացասական դիրքորոշում հայտնել է այդ կապակցությամբ: Այդ հայտարարությունը հնչել է արտգործնախարարների մակարդակով: Բաքվում թուրքական պետության ղեկավարն այդ հարցին պատասխանել է ավելի լայն իմաստով, նրա պատասխանը հստակ չէր: Մեր երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը մեզ հիմք է տալիս հուսալու, որ այդ զորավարժությունների շրջանակներում Թուրքիան, անգամ ժամանակավորապես, չի բացի Հայաստանի հետ սահմանը»,- ասել է Մամեդովը: