Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, Թուրքիայի Մարաշ քաղաքում ելույթ ունենալիս, անդրադարձել է Հրանտ Դինքի գործով Թուրքիայի իշխանությունների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված պաշտպանական զեկույցին: Նա հայտարարել է, թե տեղյակ չի եղել այդ զեկույցի բովանդակությանը եւ չի էլ ստորագրել դրա տակ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ահմեդ Դավութօղլուն, մասնավորապես ասել է. «Երբ լսեցի Հրանտ Դինքի դեմ պետության պաշտպանական ճառը, շատ տխրեցի։ Այդ պաշտպանական ճառը ես չեմ ստորագրել, ես չէի տեսել այն, քանի որ արտասահմանում էի։ Ինձ շատ է տխրեցնում, երբ խոսքը վերաբերում է խոսքի ազատության հետ կապված սահմանափակումներին։ Հրանտ Դինքը այս երկրի մտավորականն էր։ Ես նրան ճանաչել եմ եւ հարգել։ Մենք, որպես նախարարություն, Հրանտ Դինքին տեր ենք կանգնել։ Պետությունը չպետք է իր քաղաքացու հետ հարաբերությունները պարզի եվրոպական դատարանում։ Մեր սկզբունքը պետք է սա լինի։ Դինքի դատավարության մեջ պետք է փոխհամաձայնության սկզբունքով առաջնորդվել։ Պաշտպանական ճառը չենք կարող հետ վերցնել, քանի որ դրա ժամկետը լրացել է, սակայն մեկ այլ բանաձեւ կգտնենք դրա համար»-նշել է Թուրքիայի արտգործնախարարը։
Նշենք, որ օրեր առաջ Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը եւս 3 անգամ հայտարարել է, որ Թուրքիայի քաղաքացի Հրանտ Դինքն սպանվեց, որովհետեւ պետությունն անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ չէր իրականացրել:
Հիշեցնենք, որ Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը, սպանությունից մեկ շաբաթ առաջ դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բողոքարկելու թուրքական դատարանի որոշումը, որով ինքը դատապարտվել էր։ Դինքի սպանությունից հետո նրա ընտանիքը եւս մեկ դատական հայց է ներկայացրել թուրքական իշխանությունների դեմ, մեղադրելով նրանց Դինքի սպանությունը չկանխելու համար: Թուրքիայի կառավարությունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկած պաշտպանական թեզում նշել էր, թե Հրանտ Դինքը վիրավորում էր թյուրքականությունը եւ ատելություն քարոզում, որը գրգռում էր ժողովրդին:




























