Հայաստանի հարցով ԵԽԽՎ նոր համազեկուցող Գորան Լինդբլադի պատգամավոր ընտրվելու շանսերը բավական բարձր են, քանի որ նա  հասարակության շրջանում մեծ հեղինակություն ու հարգանք է վայելում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շվեդիայում գտնվող ՀԺԿ նախկին մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը՝ անդրադառնալով ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի մամուլում արած այն հայտարարությանը, թե Լինդբլադի քարոզարշավով Շվեդիայում ակտիվորեն զբաղված է թուրք-ադրբեջանական համայնքը, «որն ամեն ջանք գործադրելու է՝ իր լոբբիստին անցկացնելու համար»:

Ռուզան Խաչատրյանը նշեց, որ եթե թուրք-ադրբեջանական համայնքն իսկապես համախմբվել ու մտադիր է քվեարկել Լինդբլադի օգտին, ապա դրան մեծապես նպաստել են Հայաստանում Լինդբլադի դեմ գրված հոդվածներն ու կարծիքները: «Նրան հռչակելով ոչ հայամետ քաղաքական գործիչ, գրեթե թշնամի, մեխանիկորեն նրան համակրելի են դարձնում ադրբեջանական եւ թուրքական շրջանակների համար»,-նշեց Խաչատրյանը: ՀԺԿ նախկին մամուլի խոսնակը նշեց, որ Լինդբլադի մասին Հայաստանում հնչող կարծիքները, մասնավորապես՝ թուրք-ադրբեջանական համայնքի կողմից հովանավորվելը, զարմանք են առաջացրել անգամ Լինդբլադի քաղաքական հակառակորդների մոտ: «Մենք Շվեդիայում չունենք դեսպանատուն եւ դեսպանի նստավայրը Երեւանում է, եւ ես չեմ կարողանում հասկանալ, թե որտեղի՞ց է գալիս այդ ինֆորմացիան: Ես հուսով եմ՝ ոչ ադրբեջանա-թուրքական աղբյուրներից»,-նկատեց Խաչատրյանը:

Նա հիշեցրեց, որ Լինդբլադի դեմ հարձակումները սկսվեցին ոչ թե այն ժամանակ, երբ նա ոչ հայանպաստ փաստաթղթերի տակ ստորագրեց, այլ այն ժամանակ, երբ նա շրջանառության մեջ դրեց 2008 թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ բանակի մասնակցության մասին բանաձեւի նախագիծը: «Հենց մարտի 1-ը, ինչպես նաեւ հոկտեմբերի 27-ը մահացու վտանգ են Հայաստանի այսօրվա իշխանությունների համար: Եւ այդ պատճառով, յուրաքանչյուր ոք, ով համարձակվում է այդ երկու իրադարձությունների մասին խոսել, դառնում է թիրախ Հայաստանի իշխանությունների համար»,-նշեց նա: ՀԺԿ նախկին մամուլի խոսնակն այս համատեքստում հավելեց, որ Հայաստանը եվրաինտեգրման շատ սխալ ճանապարհ է ընտրել: «Բամբասանքների եւ խարդավանքների ճանապարհը չի բերում եվրոպական ինտեգրմանը»,-ընդգծեց նա:

Նշենք, որ Շվեդիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերին: Ռուզան Խաչատրյանի խոսքով՝ քարոզարշավն ընթանում է խաղաղ, առանց միջադեպերի: «Այնպիսի պատերազմական իրավիճակ, ինչպիսին, սովորաբար, լինում է Հայաստանում, չկա»:

Երեք՝ «Սոցիալ-դեմոկրատական», «Ձախ», «Կանաչների եւ շրջակա միջավայրի» կուսակցությունները ընտրություններին մասնակցելու են դաշինքով: (Գորան Լինդբլադը «Աջ» կուսակցությունից է): Հենց նրանց ջանքերով է, որ 2010-ի մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանն  ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը։