Տիպաբանորեն Ադրբեջանը դադարել է Կովկաս լինել, այն Կենտրոնական Ասիա է։ Այս մասին սեպտեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Անդրադառնալով Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումներին եւ լրագրողների հալածանքներին, նա նշեց, որ Ադրբեջանում գնալով ձեւավորվում է Կենտրոնական Ասիային կամ Մերձավոր Արեւելքին բնորոշ կառավարման ձեւ։ Իսկանդարյանի խոսքով՝ Ադրբեջանն այդ ճանապարհը բավական երկար էր անցնում։ «Դա նշանավորվեց իշխանությունը հորից որդուն փոխանցելով։ Գնալով ավելի է ամրապնդվում կլանային ռեժիմը։
Ընդդիմությունն այդ երկրում մի քանի տարի առաջ չեզոքացվեց։ Այդ գործընթացի տրամաբանական շարունակությունը ցանկացած տեսակի խոսքի ազատության չեզոքացումն է։ Այդ գործիչներին ձերբակալում են ոչ թե ինչ-որ բանի համար, այլ որպեսզի մյուսները հասկանան, որ այդ երկրում նման բան անել չի կարելի։ Այն, ինչ լրագրողների հետ է տեղի ունենում, դա վերջինն է, ինչ մենք տեսնում ենք»,- ընդգծեց քաղաքագետը։
Նրա խոսքով՝ տիպաբանորեն Ադրբեջանը Հուսնի Մուբարաքի ղեկավարած նախահեղափոխական Եգիպտոսն է հիշեցնում։ «Ադրբեջանը նման է եթե ոչ Թուրքմենստանին, ապա Ուզբեկստանին։ Այդ շղթայի բաղադրիչների հիմնական մասը իսլամական արմատականության աճն է»,- հավելեց քաղաքագետը։





























