Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեղավոր է ճանաչել Թուրքիային՝ ստամբուլահայ լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը չկանխելու եւ սպանության բացահայտման ուղղությամբ հետաքննությունը նորմալ չկազմակերպելու համար։
Թուրքական Millyet-ի փոխանցմամբ՝ Դինքի սպանության գործով վճիռը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերին կհրապարակի մամուլում։ Հրանտ Դինքը սպանությունից առաջ դատապարտվել էր տխրահռչակ 301 հոդվածով, որն էլ պարարտ հող էր նախապատրաստել նրա սպանության համար։ Սպանությունից հետո հայտնի դարձավ, որ Դինքի դեմ կազմակերպվող սպանության մասին տեղյակ է եղել թե’ ոստիկանությունը, թե’ ժանդարմերիան։
Թուրքիայում կարծես իմացել էին, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Դինքի ընտանիքի հայցն՝ ընդդեմ Թուրքիայի, կբավարարվի, դրա համար էլ թուրքական իշխանություններն իրենց արդարացնելու համար հատուկ հայտարարություններով են հանդես եկել։
Օրինակ՝ Բաքու կատարած այցի ընթացքում Թուրքիայի նախագահը հայտարարել էր, թե Հրանտ Դինքի սպանությունը կանխելու համար պետությունը ոչինչ չի ձեռնարկել եւ օրեր անց նախագահական պալատ է հրավիրել Դինքի եղբորը։
Իր հերթին արդարացել է նաեւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ հայտարարելով, թե ինքը տեղյակ չի եղել եւ չի էլ ստորագրել Հրանտ Դինքի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան պետության կողմից ուղարկած պաշտպանական ճառի տակ, որտեղ Դինքին համեմատել են նեոնացիստի հետ։


























