Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն արցախցիների վրա ոչ մի ազդեցություն չի ունենալու: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԼՂՀ կառավարության մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը:
«Վարչապետը նախկինում էլ է ասել եւ այժմ էլ պնդում է, որ կառավարությունը սուբսիդավորելու է մնացած տարբերությունը: Այսինքն, բնակչությունը շարունակելու է 1 կՎ էլեկտրաէներգիայի դիմաց վճարել նախկին 25 դրամը»,- ասաց Արտակ Բեգլարյանը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը սետեմբերի 10-ին սահմանել է «Արցախէներգո» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագները.
35 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողների համար` 40 դրամ/կՎտժ ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկ,
6(10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար` 46 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկ,
0.38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար`
- ցերեկային սակագին` 49 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկ
- գիշերային սակագին` 44 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկ:
Սակագները գործելու են սույն թվականի հոկտեմբերի 12-ից:





























