Արարատի մարզի Բաղրամյան գյուղի դպրոցում սեպտեմբերի 10-ին թունավորված երեխաներից միայն 17-ն այսօր դպրոց չի հաճախել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց դպրոցի տնօրեն Ռուզան Թադեւոսյանը:
«Դպրոցը նորմալ գործում է, երեխաները դասի են եկել, երեկվա թունավորվածներից 17-ն էլ չեն եկել, որովհետեւ ինչպես ծնողները հայտնեցին, իրենց ապահովության համար են տանը մնացել»,- ասաց Ռուզան Թադեւոսյանը:
Նրա խոսքով՝ ճաշարանն այս պահին չի գործում:
Դպրոցին սնունդ մատակարարող «Սարգսյան Գոհար» անհատ ձեռներեցին պատկանող հեռախոսահամարից էլ մեր թղթակցի հետ զրույցում պնդեցին, թե իրենք որեւէ կապ չունեն սնունդ մատակարարելու հետ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին 46 երեխա է տեղափոխվել հիվանդանոց: Նրանցից 38-ը Բաղրամյան գյուղից են: Նախնական տվյալներով՝ դպրոցականները թունավորվել են դպրոցի ճաշարանից գնված նրբերշիկից:





























