Նոյեմբերի 5-ի գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու մեջ մեղադրվող Հայկ Կյուրեղյանին արդարացնելու պահանջով այսօր՝ սեպտեմբերի 11-ին, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի առաջ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակցիայի մասնակիցներն իրենց հետ ունեն խաղալիք ատրճանակներ, «Հարություն Սարգսյան՝ մարդկային որակներից զուրկ դատախազ, որը Հայկ Կյուրեղյանի համար պահանջում է 14 տարի», «Ես էլ եմ ուզում 14 տարի» գրությամբ պաստառներ:

Նշենք, որ այսօր, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի Հայկ Կյուրեղյանի գործով դատավճիռը: NEWS.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից Նաիրա Բադալյանը նշեց, որ եթե  նրան, ինչպես դատախազն էր պահանջել, 14 տարվա ազատազրկման դատապարտեն, ապա իրենք բողոքի ցույցեր կսկսեն եւ կբողոքեն մինչեւ Եվրոպայկան դատարան:

«Հայաստանում արդարության համար պայքարողներին միշտ դատապարտում են: Հայկ Կյուրեղյանը Շանթ Հարությունյանի եւ մի խումբ այլ քաղաքացիների հետ հանուն Հայաստանի ապագայի դուրս էր  եկել պայքարի: Հայկ Կյուրեղյանն ընդամենը երկու անդամ օդամղիչ ատրճանակով օդ է կրակել եւ այսօր նրա համար 14 տարվա ազատազրկում են պահանջում, այնինչ դրա փոխարեն կարող էին ընդամենը խուլիգանության համար 6 ամիս ազատազրկման դատապարտել»,- ասաց Նաիրա Բադալյանը:

Նշենք, որ դատարանի առջեւ ընթացող բողոքի ակցիան հսկում են մի խումբ ոստիկաններ։ Քաղաքացիները պատրաստվում  են ժամը 12:00-ին մտնել դատական նիստերի դահլիճ եւ մասնակցել դատավարությանը:

Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկած Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկանները նրան վնասազերծել եւ բերման էին ենթարկել։ Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ», եւ 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով: Դատախազը պահանջել է 14 տարվա ազատազրկման դատապարտել նրան: