Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն հայտարարել է, որ դատապարտում է Եգիպտոսի ոստիկանության կողմից իր հայրենակիցների գնդակահարությունը:
Մեքսիկայի նախագահը պահանջել է, որ Եգիպտոսի իշխանությունները մանրամասնորեն հետաքննեն զբոսաշրջիկների սպանությունը:
Էնրիկե Պենյա Նյետոն հանձնարարել է մեծացնել Եգիպտոսում իրենց դեսպանատան աշխատակիցների թիվը, որպեսզի նրանք անհրաժեշտ օգնություն տրամադրեն տուժած մեքսիկացիներին եւ նրանց ընտանիքներին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եգիպտոսի ոստիկանության աշխատակիցները երկրի արեւմուտքում սխալմամբ կրակ են բացել մեքսիկացի զբոսաշրջիկների խմբի վրա: Միջադեպը տեղի է ունեցել անապատում, որտեղ ոստիկանության ուժերը զբոսաշրջիկների խմբին շփոթելով ահաբեկիչների հետ, կրակ է բացել նրանց մեքենաների վրա:
Նախնական տվյալներով, սպանվել է 12 մարդ, այդ թվում մի քանի տեղացի զբոսավարներ: Մոտ 10 մարդ վիրավոր է: Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:





























