Արդեն երկրորդ օրն է ՝ Իսրայելի ոստիկանության եւ արաբական երիտասարդության միջեւ ընդհարումները տեղի են ունենում Տաճարի սարի վրա, որը թե մահմեդականների, թե հրեաների պաշտամունքային սրբավայրերից է ու գտնվում է Երուսաղեմի պատմական կենտրոնում:

Իրավապահ մարմինները հայտնել են, որ առավոտյան տեղի ունեցած ընդհարումների հետեւանքով վիրավորվել է առնվազն մեկ աշխատակից, երեք կասկածյալներ ձերբակալված են:

Մի քանի երիտասարդներ քարեր են նետել ոստիկանների վրա, որոնք Տաճարի սարը բացում էին այցելուների համար: Մի ոստիկան թեթեւ վիրավորում է ստացել, նրան հենց տեղում բուժօգնություն են ցուցաբերել: Երեք կասկածյալների էլ ձերբակալել են հարցաքննելու նպատակով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Տաճարի սարի վրա ՝ հին ժամանակներում ավիրված հրեական տաճարի վայրում, Ալյ Աքսա եւ Կուբբատ աս -Սահրա մզկիթների համալիրն է, որն իր նշանակությամբ երրորդ մահմեդական սրբավայրն է ՝ սաուդյան Մեքքա եւ Մեդինա քաղաքներից հետո: Շինությունը գտնվում է Վակֆայի մահմեդական ունեցվածքի հիմնադրամի կառավարման ներքո: Արաբները իսրայելական իշխանություններին ու հասարակական խմբերին մեղադրում են սրբավայրի ստատուս քվոն փոխելու փորձերի համար: Հիմա սրբավայրում այցելուներին արգելված է ոչ մահմեդական կրոնական ծիսակարգեր կատարել ու հրեական պետության խորհրդանիշներ ցույց տալ:

Նախօրեին նույնպես իսրայելցի ոստիկանները բարձրացել էին Տաճարի սարի վրա գտնվող մզկիթների մոտ ու ընդհարվել տեղի երիտասարդության հետ: Իրենց գործողությունները նրանք բացատրել էին ՝ հրեական կրոնական օրացույցով Նոր տարվա տոնակատարությունների ժամանակաշրջանում այցելուների վրա հարձակումները կանխելու անհրաժեշտությամբ: