Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն 5 ամիս ուշացումով պատասխանել է թուրքական խորհրդարանի երդվյալ հակահայ, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կին պատգամավոր Ջանան Արըթմանի գրավոր հարցադրմանը, թե ի՞նչ են թուրքական իշխանություններն արել 2010-ի ապրիլի 9-ին Գերմանիայի հեռուստաընկերություններից մեկով Հայոց ցեղասպանության մասին պատմող «Աղետ» վավերագրական ֆիլմի ցուցադրումը կանխելու համար։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ահմեդ Դավութօղլուն նշել է, թե Գերմանիայում ռադիկալ հայկական շրջանակների կողմից հակաթուրքական միջոցառումների վերաբերյալ, թուրքական իշխանությունները ամեն առիթով եւ պատշաճ մակարդակով տեղեկացրել են գերմանացի գործընկերներին եւ նույնիսկ ֆիլմի ցուցադրումից մեկ օր առաջ Բեռլինում Թուրքիայի դեսպանը Գերմանիայի ԱԳՆ-ում փորձել է համապատասխան միջոցներ ձեռնարկել։
Ըստ Դավութօղլուի՝ ապրիլի 13-ին, Անկարայում Գերմանիայի դեսպան Էքարթ Քունցին կանչել են Թուրքիայի արտգործնախարարություն, որտեղ նրան տեղեկացրել են, թե Թուրքիան սպասում է, որ Գերմանիայում վերջ կդրվի 1915-ի վերաբերյալ սխալ եւ կողմնակալ միջոցառումներին, քանի որ հայերի գործողությունները կարող են բացասական հետեւանքների բերել։
Թուրքիայի արտգործնախարարը հիշեցրել է, որ թուրքական իշխանությունները երբեք լուռ չեն մնա անհիմն պնդումների դեմ եւ հավելել. «Հայկական թեզերի քարոզչության, ամեն տեսակ նախաձեռնության կամ միջոցառումների դեմ Թուրքիան ամեն անհրաժեշտը իրականացնում է։ Մեծ ջանքեր են գործադրվում տարբեր երկրների խորհրդարաններում մեր պատմության վերաբերյալ անհիմն պնդումներով բանաձեւերի չընդունման համար»-ամփոփել է Դավութօղլուն։


























