Արմենոֆոբիան ու իրականության խեղեթյուրումները քսան տարուց ավելի կերակրել են ադրբեջանական լսարանին եւ միջազգային հանրության անտեղյակ մասին: Այդ մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարելէ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքով, Արցախյան պատերազմի տարեգրությունը մեծ եւ ծանր հետք է թողել ալիեւյան կլանի վրա: «Միջազգային հարաբերությունների մոսկովյան ինստիտուտում ուսանելու տարիներին Իլհամ Ալիեւին պետք է որ սովորեցրած լինեն, որ Հարավային Կովկասի պատմության ողջ ընթացքում, մինչեւ 20-րդ դարի սկիզբը Ադրբեջան պետություն եւ ադրբեջանցի ազգ գոյություն չի ունեցել (այդ հարցում ժամանակակից ադրբեջանցիները պետք է շնորհակալ լինեն Իոսիֆ Ստալինին): Հետեւաբար թուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի գագաթաժողովում Ալիեւի հայտարարություններն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը եւ Զանգեզուրը իբրեւ թե պատմական ադրբեջանական տարածքներ են, բնութագրվում է մեկ բառով, ոտնձգություն այլ պետությունների տարածքների նկատմամբ` ինչը դատապարտելի է միջազգային բոլոր նորմերով ու սկզբունքներով»,- նշել է Զաքարյանը:
Նա նկատել է, թե նմանատիպ հայտարարությունների համար Ադրբեջանի ղեկավարը գուցե ունի իր պատճառները, բայց դա չի փոխում իրականությունը: «Արմենոֆոբիան ու իրականության խեղեթյուրումները քսան տարուց ավելի կերակրել են ադրբեջանական լսարանին եւ միջազգային հանրության անտեղյակ մասին: Կարծում եմ, թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի աշխատանքներին մասնակցող ներկայացուցիչները լավ գիտեն, թե որն է իրականությունը եւ հատկապես ինչու է Իլհամ Ալիեւը իր երեւակայության հետեւից ընկած հասել Զանգեզուր: Անցած տարվա սկզբին Ալիեւը պատմական Գանձակ քաղաքում հայտարարել էր, որ Երեւանը պատմական ադրբեջանական տարածք է, հիմա շուրջ մեկ ու կես տարում ալիեւի վառ երեւակայությունը Երեւանից նահանջեց մինչեւ Զանգեզուր, մի որոշ ժամանակ հետո Զանգեզուրից ամենայն հավանականությամբ կնահանջի մինչեւ Ղարաբաղ, հետո Դաշտային Ղարաբաղ եւ ի վերջո մեր հարեւանը կգիտակցի, որ իրականությունից փախուստը չի օգնում խաղաղ կարգավորմանը»:





























