ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Վոլտերի զեկույցից շատ գարշելի խավիարի հոտ է գալիս։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
Անդրադառնալով ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող հատվածից զորքերի շփման գիծ սեպտեմբերի 15-16-ը կայանալիք Վոլտերի այցին՝ Բաբայանը ընդգծեց. «Նա արդեն կոնկրետ պաշտոնյաների հետ հանդիպումներ է ունենում։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք ցանկացած մարդու, քաղաքական գործչի, գիտնականի հետ քննարկել ցանկացած հարց, որը կապ ունի ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման հետ։ Սակայն այն դեպքում, եթե այդ քննարկումը օգտակար է, կամ եթե զրուցակիցը անաչառ մոտեցում է ցուցաբերում, եթե նա կաշառված չէ, եթե իրականում ուզում է ինչ-որ կերպ նպաստել հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանում խաղաղության պահպանմանը»,- ասաց Բաբայանը։
Այս դեպքում, ինչպես նշեց ԼՂՀ նախագահի խոսնակը, այդ ամենը չկա։ «Մենք տարբեր դիվանագիտական աղբյուրներով Ռոբերտ Վոլտերին տեղյակ ենք պահել, որ եթե նա իրականում ցանկանում է գիտականորեն հիմնավորված եւ անկողմնակալ զեկույց պատրաստել, ապա պետք է առաջին հերթին հրաժարվի ադրբեջանամետ, հակահայկական եւ ուղղակի խայտառակ վերնագրից։ Երկրորդ հերթին՝ նա պետք է վերանայի իր փաստաթղթի փիլիսոփայությունը»,- նշել է Բաբայանը։
Նրա խոսքով՝ Վոլտերն այդ ամենը չի կատարել եւ հետեւաբար նրա այցը ԼՂՀ ուղղակի անիմաստ է։ «Նրա համար ավելի լավ է մեկնել Ադրբեջան, այնտեղ Ադրբեջանի նախագահի աշխատակազմն ու ԱԳՆ-ն զեկույցն արդեն պատրաստել են, եւ արդեն պատրաստ են խավիարի այսպես կոչված «ծանրոցները»։ Թող նա կատարի բոլոր առաջադրանքները, որոնց համար իրեն վճարել են, եւ վերադառնա տուն»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ զեկուցող Ռոբերտ Վոլտերը հեղինակել է «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի օկուպացված մյուս շրջաններում բռնության էսկալացիան» զեկույցը։ Սեպտեմբերի 15-16-ը նա ադրբեջանական կողմից այցելելու է զորքերի շփման գիծ։ ԵԽԽՎ կայքում նշված է, որ շփման գծի մյուս կողմի այցելությունը նախատեսված է մոտ ապագայում։





























