Յուրաքանչյուր պետություն առաջին հերթին ինքը պետք է ապահովի իր սահմանների անվտանգությունը, սակայն Հայաստանում ռուսական ռազմակայանների տեղակայման արձանագրության մեջ կատարված փոփոխությունը լրացուցիչ երաշխիք է` տարածաշրջանի կայունությունն ապահովելու համար: Նման տեսակետ է հայտնել ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, նշելով, որ եթե նախկինում ռուսական ռազմաբազաները պաշտպանում էին նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանը, այսինքն Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանը, ապա հիմա պաշտպանում են Հայաստանի բոլոր սահմանները:

Այդ համաձայնագրում Շ. Քոչարյանը կարեւոր է համարում նաեւ ՀՀ զինված ուժերը ռազմական տեխնիկայով ապահովելու ռուսական կողմի պարտավորությունը: Հարցին, թե արդյոք, այդ պայմանագիրը ենթադրում է նաեւ ԼՂՀ անվտանգության ամրապնդում` ԱԳ փոխնախարարը պատասխանել է. «Բոլորի համար ակնհայտ է, որ Հայաստանը եղել է, մնում է եւ լինելու է ԼՂՀ-ի եւ Արցախի բնակչության անվտանգության երաշխավորը: Եթե այդպես չլիներ, ապա վաղուց Ադրբեջանն իր անպտուղ ռազմատենչ կոչերի փոխարեն կփորձեր հարցը լուծել այլ կերպ: Տարածաշրջանում հնարավոր ապակայունացումից խուսափելու ընդամենը մեկ ուղի կա. այն ճանապարհն է, որն առաջարկել է ՀՀ նախագահը Թուրքիային` առանց նախապայմանների գնալ հարաբերությունների հաստատմանը, իսկ ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը` առաջնորդվել ոչ թե աղավաղելով պատմությունը, ամբողջ բանակցային գործընթացը ենթարկելով պրոպագանդայի, այլ հենվելով միջազգային իրավունքի նորմերի վրա, փորձել առաջ գնալ: Ի վերջո, սրանք բանակցություններ են` ուղղված նպատակին հասնելուն»:

Այնուհետեւ անդրադառնալով ԼՂ բանակցային գործընթացին, Շ. Քոչարյանն ասել է, որ ինչպես Մադրիդից հետո, Սանկտ Պետերբուրգի եռակողմ հանդիպումից հետո եւս, Ադրբեջանը հակասում է նախկինում իր կողմից արված հայտարարություններին, հայտարարելով, թե այդպիսի փաստաթուղթ գոյություն չունի, թեեւ տվել է դրան իր համաձայնությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 20-ին ստորագրվել է հայ-ռուսական համաձայնագիր, որով առնվազն 49 տարով երկարաձգվում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը: Ռուսական կողմից համաձայնագիրը ստորագրել է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, իսկ հայկական կողմից` ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանը:

Ըստ արձանագրության (25-րդ հոդված), ռուսական ռազմաբազան Հայաստանում կմնա առնվազն 49 տարի, նախկին 25 տարվա փոխարեն: Բացի այդ, նշվում է, որ ռուսական ռազմաբազան Ռուսաստանի շահերը պաշտպանելուց բացի, պետք է ապահովի նաեւ Հայաստանի անվտանգությունը: Այդ նպատակների համար Հայաստան պետք է առաքվեն «ժամանակակից եւ համատեղելի զինատեսակներ, ռազմական (հատուկ) տեխնիկա»: