Մենք բոլորս նկարում ենք։ Հեռախոսով խոսելիս, հերթում սպասելիս, տրանսպորտում նստած ակամա նոթատետրերի լուսանցքներում եւ քրտնած ապակիներին տարօրինակ նախշեր ենք անում, երկրաչափական պատկերներ եւ բարդ սիմվոլներ ենք նկարում։ Այդ նկարները, ինչպես պնդում են հոգեբանները, մեր մասին շատ բան կարող են պատմել։
«Նկարը մարդու ինքնազգացողության պրոյեկցիան է, նրա ներքնաշխարհի արտացոլումը, որի բովանդակությունը նա միշտ չի կարող բառերով արտահայտել»,- պարզաբանում է հոգեկան առողջության հայ-բրիտանական «Ինտրա» կենտրոնի հոգեբան Խաչատուր Գասպարյանը։ Հոգեթերապիայի ենթատեքստում նկարը հաղորդակցման միջոց է ինչպես հոգեբանի, այնպես էլ մարդու ներքին «ես»-ի հետ։ Նայելով դրան՝ հոգեթերապեւտը կարող է ավելի հստակ ընտրել թերապիայի մարտավարությունը։
«Հիվանդի նկարներից կարելի է հասկանալ, թե ինչպես է փոխվել նրա հոգեկան վիճակը, եւ ինչպիսի մտքեր ու ապրումներ են նրան ուղեկցել ապաքինման ճանապարհին»,- նշում է Գասպարյանը։
Հոգեբաններն ասում են, որ կարեւոր է ամեն բան՝ ինչ եւ ինչ չափերի է հիվանդը նկարում, թղթի որ հատվածում, ինչ ներկեր է ընտրում։ Այսպես, եթե նկարում են մատիտը թղթին ուժեղ հպելով, ապա դա խոսում է ներքին լարվածության մասին։ Բացի այդ, դա նաեւ ագրեսիայի նշան է։ Այն, ինչ պատկերված է թղթի ձախ կողմում, հաճախ վերաբերում է անցյալին, այն, ինչ ստորին հատվածում՝ իրական դեպքերին, իսկ վերին հատվածի պատկերները վերաբերում են երեւակայական աշխարհին։
«Եթե օրինակ երեխան ընտանիք է նկարում, որտեղ հոր կերպարը թղթի անկյունում է՝ ընտանիքի մյուս անդամներից հեռու, ապա ամենայն հավանականությամբ նրա ծնողներն ամուսնալուծված են կամ հայրը գրեթե տանը չի լինում։ Եթե նկարում պատկերված չէ ընտանիքի իրական անդամներից մեկը, ապա հնարավոր է, որ ընտանիքում լուրջ խնդիրներ կան»,- պարզաբանում է Գասպարյանը։
«Ինտրա»-ի հիվանդները ոչ միայն նկարում են, այլեւ գործում, թրծում, կարում՝ նայած ով ինչ է սիրում։ «Մենք երբեք չենք ստիպում ինչ-որ կոնկրետ բան անել։ Երբեմն նրանք ժամերով նայում են, թե ինչ են անում մյուսները»,- ասում է հոգեբան-էրգոթերապեւտ Անահիտ Իսկանդարովան։
Նրա խոսքով՝ հիվանդները կենտրոն են գալիս ինչպես բժշկի ուղեգրով, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ։
«Կա մտավոր հետամնացների խումբ, տարբեր հոգեկան խանգարումներով տառապող մարդկանց խումբ։ Նրանում, ի միջի այլոց, հոգեբանա-սոցիալական վերականգնման կուրս են անցնում ինժեներներ, դասախոսներ, բոլորը բացառապես բարձրագույն կրթությամբ»,- ասում է հոգեբանը՝ հավելելով, որ հոգեբանա-սոցիալական ծառայության այցելուների համար ամեն բան անվճար է։
Խնդիրներից մեկը, որին դուրս գրվելուց հետո բախվում են կենտրոն այցելող հիվանդները, սոցիալականացման հարցն է, ասում է Գասպարյանը։ «Շատ կարեւոր է հիվանդին օգնել՝ վերադառնալ հասարակություն եւ աշխատանքի։ Ցավոք, դրան քիչ ուշադրություն են հատկացնում։ Սակայն ամենից հաճախ նրանք հենց դրա կարիքը ունեն»,- ասում է նա։
Ցույց տալով իր հիվանդների նկարներն ու ձեռքի աշխատանքները՝ Գասպարյանը նշում է, որ նկարելու եւ ստեղծագործելու գործընթացն օգտակար է՝ անկախ նրանից, դա անում ես գիտակցաբար, թե ոչ։
Եվ նայելով այդ աշխատանքներին՝ հասկանում ես, որ նկարելը բուժում է, իսկ եթե չի բուժում, ապա հանգստացնում է եւ միշտ մխիթարում։




























