Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբային:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո Ռաուլ Ջումկովի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Աբխազիայի Հանրապետության ողջ ժողովրդին` Ազատագրման եւ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրվա կապակցությամբ:

Իր հնագույն պատմության ընթացքում եղբայրական Աբխազիան անցել է շատ փորձությունների միջով, միշտ հաղթահարել է դրանք պատվով ու արժանապատվորեն: Աբախազիայի հաղթանակների գրավականը հանդիսանում են նրա ժողովուրդներին հատուկ հայրենասիրությունը, անսասան հավատը, համախմբվածությունը, ամեն պահի հայրենիքի պաշտպանության դիրքերում կանգնելու պատրաստակամությունը:

Այսօր Աբխազիայի Հանրապետությունը դինամիկ զարգացող երկիր է, որը հաստատակամորեն նայում է դեպի ապագան եւ անշեղորեն ամրապնդում է իր անկախ պետականությունը:

Մենք անկեղծորեն ուրախ ենք ձեր բոլոր հաջողությունների համար:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ` հարգարժան Ռաուլ Ջումկովի, եւ Աբխազիայի Հանրապետության ողջ ժողովրդին` այս մեծ տոնի կապակցությամբ:

Խաղաղություն եւ բարգավաճում եղբայրական Աբխազիային»: