Հայաստանում եզդի փախստականներին ընդունելու հնարավորությունները մեծ են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողներին ասաց «Սինջար» եզդիների ազգային  միավորման նախագահ Բորիս Մուրազին:

«Պետությունը պետք է ուղղակի կարողանա գնահատել իր հնարավորությունները եզդի փախստականներին ընդունելու հարցում, քանի որ Հայաստանի եզդիաբնակ գյուղերում դատարկ տներ կան, եւ փախստականներին կարող են այնտեղ տեղավորել: Հայաստան եկած 3 եզդի ընտանիքներն այժմ ոչ մի խնդիր չունեն, ապահովված են սննդով, կացարանով»,-ասաց Բորիս Մուրազին:

Բորիս Մուրազիի խոսքով՝ Հայաստան ներգաղթած այս երեք եզդի ընտանիքների խնդիրն այն է, որ նրանց ընտանիքների 20 անդամներ դեռ մնացել են Իրաքում,  չունեն անձնագիր եւ չեն կարողանում միանալ իրենց ընտանիքներին:

Իրաքից Հայաստան ներգաղթած եզդի փախստական Հայդեր Ռաշո Համոն էլ նշեց, որ իրենք այս պահին կենցաղային խնդիրներ չունեն, քանի որ եզդիական համայնքը լուծել է այդ խնդիրները, սակայն, կցանկանային, որ պետական աջակցություն էլ լիներ, եւ գոնե կոմունալ վճարումների հոգսը պետությունը վերցներ իր վրա:

«Նաեւ հնարավորության դեպքում կխնդրեի Հայաստանի իշխանություններին ուղիներ գտնել ընտանիքիս մյուս անդամներին Հայաստան բերելու համար»,-ասաց նա՝ նշելով, որ իր ընտանիքի 5 անդամներ Հայաստանում են, 5-ը դեռ Իրաքում են գտնվում: