Սեպտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը Հայաստանում եղել է նորմայից 1 աստիճանով բարձր, իսկ տեղումների քանակը բաշխված է եղել անհավասարաչափ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողներին ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Կան հատվածներ, որտեղ տեղումների քանակը եղել է 2 անգամ նորմայից ավելի, հատվածներ էլ կան, որ ամսվա ընթացքում ընդհանրապես տեղումներ չեն գրանցել, օրինակ՝ Արարատյան դաշտավայրում: Եթե Արարատի եւ Արտաշատի հատվածում տեղումների քանակը մոտ 1-2 անգամ նորմայից ավելի է եղել, ապա Արմավիրում ամսվա ընթացքում տեղումներ չեն դիտվել»,-ասաց Սուրենյանը՝ նշելով, որ սեպտեմբերին Արարատյան դաշտավայրում եւ Երեւանում օդի առավելագույն ջերմաստիճանը հասել է մինչեւ 35 աստիճանի:




























