Աջակցելով այլ երկրների՝ ԱՄՆ-ը չգիտի, թե իրականում ում է աջակցում: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մենք միշտ զենք ենք տալիս, միլիարդավոր դոլարներ՝ զենքի համար, իսկ նրանք այդ զենքը մեր դեմ են ուղղում: Մենք վերահսկողություն չունենք: Այնպես որ մենք չգիտենք, թե ում արժե աջակցել: Նույնիսկ չգիտենք, թե ում ենք աջակցում»,- հայտնել է նա:
Միլիարդատերը նշել է, որ ԱՄՆ-ը չպետք է փորձի կատարել «ամբողջ աշխարհի ոստիկանության» դերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Թրամփի կարծիքով, Ռուսաստանը Սիրիայում «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դիրքերի վրա օդային հարվածներ է սկսել հասցնել, քանի որ «չի ուզում, որ ԻՊ-ն իր երկիր գա, իսկ դա հաջորդ քայլն է լինելու»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը ՝ Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի օդանավերը սեպտեմբերի 30-ին Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ կետային հարվածներ են հասցրել: Մինչ այդ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պաշտոնապես դիմել էր իր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ նրանից ռազմական օգնություն խնդրել:





























