Նիժնի Նովգորոդում իր երեխաներին, կնոջն ու մորը սպանած տղամարդը՝ Օլեգ Բելովը, հոգեբանական- հոգեբուժական փորձաքննություն է անցել Վ.Պ Սերբսկու անվան սոցիալական ու դատական հոգեբուժության գիտական կենտրոնում: 30 օր մասնագետները հետազոտել են հիվանդին, որպեսզի պարզեն՝ արդյոք նա մեղսունակ է  եղել այն պահին, երբ սպանել ու անդամատել է իր վեց երեխաներին, կնոջն ու մորը:

Ինչպես LifeNews-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը, երկար հետազոտությունից հետո մասնագետները Բելովին սահմանափակ մեղսունակ են ճանաչել: Սա նշանակում է, որ նա կենթարկվի քրեական պատասխանատվության: Բժիշկներն իրենց եզրակացության մեջ շարադրել են նաեւ իրենց առաջարկները՝ պատիժը կրելու վայրում ամբուլատոր հարկադիր բուժում անցնելու վերաբերյալ:

Մասնագետները նաեւ հաստատել են նրան մինչ այդ դրված ախտորոշումը՝ շիզոֆրենիան:

Հիշեցնենք, որ Նիժնի Նովգորոդում վեց երեխաների ու նրանց մոր նկատմամբ արյունոտ հաշվեհարդարի մասին հայտնի էր դարձել օգոստոսի 4-ին: Հուլիսի 25-ից երեխաները մանկապարտեզ չէին հաճախել, ինչի մասին մանկապարտեզի աշխատակիցները հայտնել էին ոստիկանությանը: Երբ ոստիկանությունը ստուգման նպատակով եկել էր ընտանիքի բնակության վայր՝  բնակարանի դուռը ոչ ոք չէր բացել: Բնակարանում գտել էին պոլիէթիլենային պարկերի մեջ փաթաթած երեխաների աճյունները: