Ադրբեջանում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու նկատմամբ դատ կոչվող կեղծիքը, որի ընթացքում կոպտորեն ոտնահարվում են պատահաբար Ադրբեջանի տարածքում հայտնված ԼՂՀ քաղաքացու իրավունքները։
Ինչպես գրում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի ռազմական դատախազ Խանլար Վելիեւը «Խալք» թերթում նշել է, որ «Արսեն Բաղդասարյանի գործողությունները լիովին ապացուցվել են, եւ նրա նկատմամբ սահմանված պատիժը արդար է եւ համարժեք»։ Վելիեւի խոսքով՝ այժմ Ռազմական դատախազության հատուկ քննչական բաժնում շարունակվում է «այդ խմբի մյուս անդամների քրեական գործերի հետաքննությունը»։
Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանը գերի էր ընկել 2014թ. դեկտեմբերի 26-ին։ Նրա դեմ սարքած գործի շրջանակներում, Բաղդասարյանին դատապարտել են 15 տարվա ազատազրկման։
Բաղդասարյանի գործում Ադրբեջանն իրեն դրսեւորել է որպեսզ Ժնեւի կոնվենցիայի դրույթները եւ մարդու իրավունքները չհարգող պետություն։ Բաղդասարյանին մեղադրել են արարքների մեջ, որոնք նա չի գործել, ընդ որում ոտնահարվել են նրա իրավունքները. ԿԽՄԿ ներկայացուցիչներին երկար ժամանակ թույլ չէին տալիս այցելել նրան։




























