Մոլդովան պահանջում է Մերձդնեստրից դուրս բերել ռուս խաղաղապահներին եւ տարածաշրջանում միջազգային քաղաքացիական առաքելություն տեղակայել։ Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 70-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկումների ժամանակ հայտարարել է Մոլդովայի վարչապետ Վալերի Ստրելեցը։

«Մենք նորից մեր կայուն դիրքորոշումն ենք արտահայտում Մոլդովայի Հանրապետության տարածքից ռուս զինվորականների եւ զինամթերքի դուրս բերման կապակցությամբ՝ մեր Սահմանադրությանը եւ միջազգային պարտավորություններին համապատասխան»,- ասել է Ստրելեցը, գրում է ՏԱՍՍ-ը։

Վարչապետի խոսքով՝ Քիշնեւը կարծում է, որ խաղաղապահ գործողությունը կատարել է իր մանդատը եւ պետք է վերակազմավորվի քաղաքացիական առաքելության։

Ռուս խաղաղապահները Մերձդնեստր էին մտցել 1992թ. Քիշնեւի եւ Տիրասպոլի միջեւ զինված հակամարտության ժամանակ։ Այս պահին այնտեղ կա 402 ռուս զինծառայող։