Հայկական ընկերությունները մտադիր են կարմիր միս (գառան, տավարի) արտահանել Թուրքիա, ինչը թույլ կտա բավարարել այդ երկրում աճող պահանջարկը, գրում է Hürriyet Daily News-ը:
«Հայաստանը պետք է ուրախ լինի Թուրքիային մսամթերքներ առաքելու համար: Բիզնեսը բիզնես է, քաղաքականության հարցերն այստեղ երկրորդ պլան են մղվում: Եւ մենք այստեղ ենք նրա համար, որ զբաղվենք բիզնեսով»,- ասել է «Անտառակ» ընկերության տնօրեն Արայիկ Մակարյանը:
Հայաստանի ֆերմերների եւ կաշեգործների միության նախագահ Վլադիմիր Գալստյանը նկատել է, որ միայն 2009թ. իր ընկերությունը Իրան է արտահանել 120 հազար տոննա կենդանի անասուն: «Ինչո՞ւ ոչ Թուրքիա»,- հարց է տալիս նա: Հայ մսագործ Ալբերտ Օհանջանյանը հայտարարել է, թե սահմանները պետք է բացվեն հնարավորինս շուտ:
«Ամեն տարի Հայաստանը 250 տոննա հում կաշի է արտահանում Թուրքիա` Ռուսաստանի կամ Վրաստանի տարածքով եւ ներմուծում Թուրքիայում մշակված կաշվի 25 տոկոսը»,- տեղեկացրել է նա եւ հավելել, որ երկրները նախկինի պես առեւտուր են անում իրար հետ: Նա նաեւ թուրք ներդրողներին հրավիրել է Հայաստանում մսակոմբինատներում ներդրումներ անելու:



























