Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի գործունեությունը լրջորեն քննարկվում է իշխանական կուլուարներում։

Ինչպես գրում է minval.az-ը, սկանդալներն ու կաշառակերության փաստերի մասին տեղեկությունները, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության մեջ ձախողումները ամրապնդել են իշխանության կարծիքը, որ Մամեդյարովը չի կարող հավուր պատշաճի վերահսկել դեսապանատների գործունեությունը։

Պարբերականի աղբյուրները հայտնում են, որ Մամեդյարովի հարցով արդեն որոշում է կայացվել։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո տեղի կունենան կադրային փոփոխություններ, որոնք սկսվեն հենց Մամեդյարովի պաշտոնանկությամբ։ Աղբյուրը տեղեկացրել է, որ Մամեդյարովը կնշանակվի ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ, իսկ 2014թ.-ից այդ պաշտոնը զբաղեցնող Յաշար Ալիեւը կզբաղեցնի փոխարտգործնախարարի պաշտոնը։

Հաղորդվում է նաեւ, որ նոր արտգործնախարարի պաշտոնում կարող է նշանակվել Արազ Ազիմովը։ Չնայած նա դիվանագիտական կրթություն չունի, սակայն երկար տարիներ աշխատել է Ադրբեջանի ԱԳՆ-ում։ Դեռեւս Հեյդար Ալիեւի օրոք նա զբաղեցնում էր Ղարաբաղի հարցով հատուկ լիազոր ներկայացուցչի պաշտոնը, եւ ի տարբերություն Մամեդյարովի, Ազիմովը ավելի կոշտ դիրքորոշմամբ է հանդես գալիս։

Բացի այդ հավանական թեկնածուների թվում հիշատակվում են նաեւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը եւ պատգամավոր Ազայ Գուլիեւը։