Կալիֆորնիայի Էլ Դորադո շրջանում 16-ամյա պատանի Նոլան Բյուկենենին մեղադրել են իր ընտանիքի բոլոր անդամների դաժան սպանության համար՝ հոր, նրա հարսնացուի եւ ապագա խորթ եղբոր։ Հարազատների հաշիվները մաքրելուց հետո նա այրել է հյուղակը՝ նրանց մարմինների հետ միասին, հաղորդում է տեղի ոստիկանությունը։
Այրված տան տեղում հայտնաբերվել են 38-ամյա Ադամ Բյուկենենի, 37-ամյա Մոլլի ՄակԷֆիի եւ նրա 8-ամյա որդու՝ Հեվինի մարմինները։ ԴՆԹ թեստը հաստատել է նրանց ինքնությունը։ Դատախազի տեղեկության համաձայն, նրանց նախ գնդակահարել են, հետո՝ այրել։ Հրդեհված հյուղակի կրակը տարածվել է 4 հեկտարանոց տարածքում։
Հարցաքննության ընթացքում պատանին ոստիկանությանը հայտարարել է, որ իր ընտանիքը մեկնել է հանգստյան օրերը անտառային հյուղակում անցկացնելու, իսկ ինքը մնացել է տանը՝ Բենիսիայում։ Սակայն ավտոտնակում կայանած մեքենայում ոստիկանությունը ապացույցներ է հայտնաբերել առ այն, որ տղան տուն է գնացել՝ ընտանիքի անդամների մոտ ու սպանել է նրանց, հետո վերցրել է փողի քսակները։ Թափքում նաեւ ատրճանակ ու փամփուշտներ են հայտնաբերվել։ Ընտանիքին հաշվեհարդարի ենթարկելուց հետո տղան դպրոց է գնացել, ասես ոչինչ պատահած չլինի։





























