Ադրբեջանում արձանագրվել է մարդու վրա կովկասյան արծվառյուծի հարձակման բացառիկ դեպք:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Report-ին, կովկասյան արծվառյուծը, որն ապրում էր Մեծ Կովկասի լեռնաշղթայի ամենաբարձր կետերից մեկում, հազար մետր ցած է իջել՝ դեպի բնակեցված մի գյուղ:

Գաղյան շրջանի Էմբերչեյ գյուղի բնակիչներից մեկն ասել է, թե ինքը թռչունին մի օր իր բակում է պահել, բայց քանի որ վերջինը փորձել է հարձակվել մարդկանց վրա, տղամարդը զանգել է Բնապահպանության տարածքային բաժին:

Բնապահպանության եւ բնական ռեսուրսների տարածքային բաժնի ավագ խորհրդատու Սեհրաբ Բաբաեւի խոսքով, իրենք առաջին անգամ են բախվում նման երեւույթի:  «Կովկասյան արծվառյուծը ներառված է Կարմիր գրքի մեջ եւ ապրում է այնպիսի ժայռերի վրա, որոնց մարդու ոտք չի դիպել: Այժմ նման թռչուններին կարելի է մատների վրա հաշվել: Դրա համար էլ նրան բաց թողեցինք », - նշել է նա:

Արծվառյուծի թեւերի բացվածքը  2 մետր 60 սանտիմետր է, նա մոտավորապես 10 կիլոգրամ է կշռում: Արծվառյուծներն ապրում են միայն բարձր լեռներում: Նրանք հիմնականում լեշով են սնվում, բայց ի վիճակի են նաեւ միջին չափի ոչխար օդ բարձրացնել: